Հունվարի 31-ին Երկրի բնակիչները լուսնային 3 երևույթի բացառիկ համընկնման ականատես կլինեն

Հունվարի 31-ին տեղի կունենա միանգամից 3 լուսնային երևույթի համընկնում, ինչը չէր եղել 1866թ. ի վեր, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը կապույտ լուսին, գերլուսին և «արյունոտ» լուսին դիտարժան երևույթների մասին է:

Աղբյուրը նկատում է, որ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում մարդիկ՝ Մոսկվայից մինչև Սիդնեյ ու Վաշինգտոն, հնարավորություն կունենան ականատես լինելու «երեքը մեկում» հազվագյուտ բնական ֆենոմենին:

Հայտնի է, որ կապույտ լուսինն աստղագիտական եզր է մեկ օրացուցային ամսվա մեջ երկրորդ անգամ լիալուսնի երևալը բնորոշելու համար: Այն հազվագյուտ երևույթ է։ Դիտվում է 2-3 տարին մեկ: Մինչդեռ գերլուսինը տեղի է ունենում, երբ Երկրի բնական արբանյակը նվազագույն հեռավորության վրա է գտնվում մոլորակից և ըստ այդմ՝ ավելի մեծ, պայծառ է երևում: Ինչ վերաբերում է «արյունոտ» լուսնին, ապա այն նկատվում է, երբ տեղի է ունենում խավարում, ու Լուսինը կարմրավուն երանգ է ստանում։

Վերջին անգամ այս երեք երևույթների համընկնումը տեղի էր ունեցել 1866 թվականին։


ԱՄՆ-ի ազգային ավատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի տվյալներով՝ մոլորակի տարբեր հատվածների բնակիչները կկարողանան հետևել ինքնատիպ տիեզերական «շոուին» օրվա տարբեր ժամերի:

Tert.am