Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները

 

Հայաստանի կառավարությունը դեղատոմսերով դեղերի վաճառքի վերաբերյալ 2017 թվականի աշնանն ընդունված որոշման փոփոխությունների փաթեթ է նախապատրաստել, որոնց համաձայն ուժի մեջ մտնելու ժամանակացույց կմշակվի՝ ըստ դեղամիջոցների խմբերի: Այս մասին փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Ըստ նրա՝ առողջապահության նախարարությունը հասկանում է, որ որոշման՝ ուժի մեջ մտնելուց հետո հիվանդների, հատկապես՝ քրոնիկական հիվանդների մեծ հոսք է սկսվելու բժիշկների մոտ, ովքեր մշտապես որոշակի դեղեր են խմում, որոնք մինչ այդ կարելի էր հանգիստ գնել դեղատներից:

«Վերջին օրերին մենք տեղեկություններ ենք հավաքել ամբուլատորիաներից եւ պոլիկլինիկներից, եւ կիսում ենք քաղաքացիների մտահոգություններն այս կապակցությամբ»,- ասաց նա: Այս կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է պատրաստել, որոնք այս շաբաթ կներկայացվեն կառավարությանը: Առաջին հերթին, դեղատոմսերով կսկսեն վաճառվել հակաբիոտիկները, հորմոնալ դեղամիջոցները եւ կոդեին պարունակող դեղերը: Նշվածների համար որոշումը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

Հուլիսի 1-ից կանոնը կսկսի տարածվել ներարկման բոլոր դեղամիջոցների վրա: Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ արդեն ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը պետք է դեղատոմսով բաց թողնվեն: «Մեր հիմնական ուղերձն է՝ հիվանդը բժշկի մոտ է գնում բուժում ստանալու, այլ ոչ թե դեղատոմս: Եւ բուժում նշանակելու ընթացքում դեղերը պետք է բաց թողնվեն դեղատոմսով»,- ասաց նա:

Սերգեյ Խաչատրյանը նաեւ նշեց, որ նախարարությունը նախատեսել է բազմակի անգամ օգտագործվող դեղատոմսեր, քանի որ քրոնիկ հիվանդները կարիք ունեն անընդհատ ամիսների ընթացքում դեղեր ստանալու, եւ բազմակի օգտագործման դեղատոմսով նրանք կարող են 6 ամսվա ընթացքում ձեռք բերել իրանց դեղերը։

Փոխնախարարի խոսքով՝ դեղատոմսն այն բանի երաշխիքն է, որ բժիշկը ճիշտ դեղ է նշանակել եւ ճիշտ դոզայով, ինչպես նաեւ այն բանի երաշխիքը, որ դեղատները ճիշտ դեղ են տալիս: Նրա խոսքով՝ բուժհաստատությունները ստացել են դեղատոմսերի բոլոր նոր ձեւերը, եւ հետագայում իրենք պետք է իրենց համար ապահովեն դրանց անհրաժեշտ քանակությունը: Դրան գումարած՝ շատ բուժհաստատություններում պահպանվել են բավականին մեծ քանակությամբ հին ձեւեր, եւ նրանց հնարավորություն կտրվի օգտագործել մնացորդը եւ միայն հետո անցնել նոր ձեւերին: Նրա կարծիքով՝ 2019 թվականի հունվարի 1-ին այս գործընթացն ամբողջությամբ կավարտվի:

Նա նաեւ հավելեց, որ ներկայումս ԱՆ-ին առընթեր պետական տեսչության մարմին է ստեղծվում, որը վերահսկողական գործառույթ կիրականացնի, այդ թվում՝ նաեւ կվերահսկի դեղատոմսերի շրջանառության գործընթացը:

News.am Medicine