Ի՞ նչ գիրք նվիրել այսօր. խորհուրդ են տալիս "Radio Marshall"-ի մեկնաբանները

Փետրվարի 19-ը Հայաստանում նշում են որպես Գիրք նվիրելու օր: Այսօր նաև Հ. Թումանյանի ծննդյան օրն է: Մի խոսքով, իրական տոն գրքասերների համար:

Եթե դուք դեռ չեք որոշել՝ ինչ գիրք նվիրել միմյանց, կարդացեք մեր մեկնաբանների խորհուրդները, գուցե կողմնորոշվեք:

Նունե Այլանջյանը  (Լուրերի մեկնաբան, ՏեխնոԲլոգի հեղինակ, վարող) խորհուրդ է տալիս նվիրել  Դենիել Քիզի «ԾԱՂԻԿՆԵՐ ԷԼՋԵՐՆՈՆԻ ՀԱՄԱՐ» ստեղծագործությունը: Դենիել Քիզը այս պատմվածքի համար ստացել է «Հյուգո» մրցանակ  և Նեբուլա մրցանակ՝ նույնանուն վեպի համար։ Բայց մրցանակները մի կողմ. սա մի պատմություն է, որը անսահման կհուզի ընթերցողին ու մտածելու տեղիք կտա բազմաթիվ երևույթների մասին: Առաջին իսկ տողից դուք կհասկանաք, որ ընթերցում եք ուրիշի օրագիրը: Չարլին մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդ է, ով ենթարկվելով էքսպերիմենտի` աստիճանաբար վերածվում է հանճարի, բայց արդյոք դա այն էր, ինչի մասին նա երազում էր երկար տարիներ...

Մարինա Գրեգն (Առավոտից ռադիոնախագծի հաղորդավար) առաջարկում է նվիրել Ֆյոդոր Դոստոևսկու  «ԱՊՈՒՇԸ» գիրքը: Այս գիրքն իր ընթերցողին կգրավի հենց առաջին իսկ էջից, երբ իրադարձությունները դեռ գնացքում են զարգանում: Պատմություն, որը չի թողնում ձանձրանալ: Սա, իհարկե, դժվար «մարսվող» գիրք է, որն ուզում ես պարբերաբար վերընթերցել, որովհետև տարիքային տարբեր շեմերում հերոսներին տարբեր կերպ ես ընկալում:

Լիլիթ Սարկիսյանը (ПоколениеЧЕ-ի հաղորդավար) կարծում է, որ այսօրվա լավագույն նվերը Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունն է: Ռեմարկի այս ստեղծագործությունը կամքի, ընկերության հաղթանակի և իհարկե, սիրո մասին է: Հեղինակն անդրադառնում է նաև մի շատ կարևոր թեմայի, ինչպիսին է հետպատերազմյան իրավիճակն ու կորսված երիտասարդությունը: Իհարկե, ընթերցումից հետո մի տեսակ թախծում ես, բայց միևնույնն է, արժե կարդալ:

Տոմա Հակոբյանն (ПоколениеЧЕ-ի հաղորդավար) առաջարկում է նվիրել Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհեյտի» գիրքը: Բրեդբերիի այս համարձակ անտիուտոպիան ակտուալ կլինի յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար: Այն միշտ կհանդիսանա մեր իրականության մեջ սթափեցնող մի իմպուլս: Սթափեցնող՝ հազարավոր միանման մտածելակերպ ունեցող, գիր ու գրականությունից հեռացած հասարակության շերտերի համար: Բրեդբերիի այս գլուխգործոցը վառ անհատականությունների դրսևորման ջատագովներից է, ովքեր այսօր այդքա՜ն անհրաժեշտ են մեր հասարակությանը և աշխարհին: 

Գուրգեն Ալեքյանը (Առավոտից ռադիոնախագծի հաղորդավար) խորհուրդ է տալիս նվիրել Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը: «Կարմրահեր կնոջը հանդիպեցի անցյալ տարի՝ Yerevan Book Fest 2017-ի ժամանակ։ Գրքի շապիկը միանգամից գրավեց ուշադրությունս ու շոյեց աչքս, իսկ հետո, երբ փակեցի գրքի վերջին էջը հասկացա՝ սա իսկապես Օրհան Փամուքի լավագույն գործերից մեկն է։ Կինը կյանք է , բնության ամենաառեղծվածային ու հեղափոխական տարերքը և շատ գրողները գրել են նրա ուժի մասին։ Փամուքը իսկապես շատ գեղեցիկ ու դիպուկ է ներկայացրել այն աշխարհը, որը կոչվում է «կին»։ Փամուքի «Կարմրահեր Կինը» ստեղծագործությունը մի շնչով կարդալու և արտաշնչելու գործ է։